Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բոմբ» տեղափոխություններ

«Բոմբ» տեղափոխություններ
29.03.2019 | 00:26

Լոնդոնի «Չելսիի» ու Բելգիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Էդեն Ազարը համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի պայմանները, նշում է «Սովետսկի սպորտը»` հիմք ընդունելով Tuttomercatoweb-ի տեղեկատվությունը: Բելգիացին, առանց բոնուսների հաշվարկման, «արքայականից» տարեկան կստանա 15 միլիոն եվրո: Մնում է համաձայնեցնել նախկին ակումբի հետ տրանսֆերի չափը, ինչը հեշտ խնդիրներից չես համարի, քանզի ինչպես որ գնող կողմը գիտի ձեռքբերելիքի իրական արժեքը, նույնքան այդ գնային քաղաքականությունից տեղեկացված է ֆուտբոլիստին վաճառքի հանած կողմը:
Հավելենք, որ, հաշված ընթացիկի բոլոր մրցաշարերը, Ազարը մասնակցել է 29 խաղի, խփել է 16 գոլ, արել 11 գոլային փոխանցում:


Միաժամանակ նշենք, որ «արքայականի» թիրախում է և ներկայումս «Պարի Սեն Ժերմենի» կազմում հանդես եկող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերային արժեքն անցնում է 200 միլիոնի սահմանը: Եթե անգամ այս երկուսի կտրվածքով դիտարկենք ամառային տրանսֆերային պատուհանում իսպանական ակումբի «տալիք խաղերը», կտեսնենք, որ «արքայականը» լուրջ փոփոխությունների առաջ է կանգնած:


Սակայն բանն այն է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կապ չունենալով ռուսական իրականության հետ՝ ոտք է գցում միանգամայն բոյարավարի: Նա վերը հիշատակված երկու մարզիկներից զատ աչք ունի և ներկայումս «Մանչեստր Յունայթեդը» ներկայացնող Պոլ Պոգբայի վրա, իսկ սա, կներեք, ընդհանուրի մեջ նշանակում է 500 միլիոն եվրոն գերազանցող ծախս: Միանգամայն բնական է, որ այս գնումներին իր հավանությունն է տվել Զինեդին Զիդանը:
Ի միջի այլոց, «արքայականի» միանգամայն նոր ձեռքբերում պիտի դիտարկել և վերստին գլխավոր մարզչի պարտականություններին այս ամիս անցած Զինեդին Զիդանին, ակումբից ում հեռանալով սկիզբ առավ հեղինակավոր այս թիմի վայրէջքը: Համենայն դեպս այս մրցաշրջանում այն այնքա՛ն է, այսպես ասած, ծեծ կերել իր ավանդական մրցակցից՝ «Բարսելոնից», որը հարցը մի փութ մեղր ուտելով էլ չի ջրվի:


Իր հերթին ձեռքերը ծալած չի նստել և Մյունխենի «Բավարիան», որն ընդհանրապես հայտնի է տրանսֆերային շուկայում արած զուսպ գնումներով: Նկատի ունենք խնդրի ֆինանսական կողմը: Սակայն կյանքում շատ բան է փոխվել, մյունխենցիներն էլ պարտադրված են ժամանակի հետ լինել համաքայլ: Այս առումով խիստ հետաքրքրական է ներկայանում գերմանական գրանդի հայտարարությունը Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Լուկաս Էռնանդեսի տրանսֆերի առնչությամբ, որի մասին տեղեկանում ենք РИА «Новости»-ից, որն իր հերթին հղում է անում ակումբի մամլո ծառայության տարածած տեղեկատվությանը: Ֆուտբոլիստին ձեռք բերելը «Բավարիային» կարժենա 80 միլիոն եվրո, ինչը մյունխենյան թիմի համար ռեկորդային գումար է: Էռնանդեսը բավարացիների համազգեստը կսկսի կրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:


Տեղափոխություն չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Ուլե-Գունար Սուլշերի վերահաստատումը, սակայն եկեք չմոռանանք, որ նա բոլորովին վերջերս է հայտնվել «կարմիր սատանաների» գլխավորի որակում: Նրա պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով: Բնականաբար պայմանագրի կնքումից հետո նա հանդես է եկել մամլո մեծ ասուլիսով, որտեղ մասնավորապես նշել է. «Առաջին իսկ օրվանից ես այստեղ ինձ զգացել եմ ինչպես տանը: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, իսկ հետո այստեղ սկսել մարզչական կարիերա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես ֆանտաստիկ փորձ եմ ձեռք բերել ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին կատարած ահռելի աշխատանքի համար: Սա այն աշխատանքն է, որի մասին ես միշտ երազել եմ, ու շատ ուրախ եմ, որ այս ակումբը երկար ժամանակ մարզելու հնարավորություն եմ ստացել: Հույս ունեմ հետագա հաջողություն գրանցել, որին արժանի են մեր զարմանահրաշ երկրպագուները»:
Հավելենք, որ Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 13 հանդիպում է անցկացրել, որոնցում 10 հաղթանակ է տարել, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է մեկ պարտություն: Բացի դա, Չեմպիոնների լիգայում թիմը ՊՍԺ-ին դուրս է թողել մրցաշարից և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ